ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատերազմ է, որին ներկա է միայն բանակը

Պատերազմ է, որին ներկա է միայն բանակը
23.01.2015 | 14:51

«Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով Տավուշի ուղղությամբ այս առավոտ ադրբեջանցիների իրականացրած հարձակմանը, որը կանխվել է՝ այս անգամ երկու հայորդու մահվան գնով: Մեր բանակի մարտունակությունը կասկածի տակ չի դրվում, ոչ էլ այն հանգամանքը, որ համապատասխան քաղաքական որոշման ու մթնոլորտի դեպքում հայկական զինված ուժերը կարող են համարժեք գործել: Սակայն հասարակությանը այս հավաստիացումներն այլևս չեն բավարարում: Տարին նոր է մեկնարկել, արդեն 12 զոհ ունենք: Ժողովուրդը ենթագիտակցորեն հասկանում է, որ զինադադարի ռեժիմը, ինչը լավ, վատ, 11 տարի գործել է՝ այլևս չի գործում: Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է իր մարտավարությունը՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը նպաստավոր համարելով իր խնդիրները լուծելու համար: Վերջին տեղում չէ նաև այն հանգամանքը, որ զգալ է տալիս հակամարտող երկու երկրների տնտեսությունների անհամաչափ զարգացման հետևանքը: Քանի դեռ «նավթային» գործոնը որոշակի ազդեցություն ունի համաշխարհային հարաբերություններում, Ադրբեջանը շտապում է փոխել ուժերի հարաբերակցությունը: ՈՒկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ միջազգային հանրությունը չունի գործուն մեխանիզմներ՝ հակամարտությանը վերջ տալու և կայունության երաշխիքներ ապահովելու համար: Այս իրավիճակում ժողովուրդը ենթագիտակցորեն, ստացված տեղեկատվությունը վերլուծելով, զգում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, ավելի ճիշտ կլինի ասել, որ արդեն չի գործում հրադադարի ռեժիմը և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվել է միկրոպատերազմ, որը լայնածավալի վերածվելու ռեսուրս ունի: Եկեք չկեղծենք իրականությունը, չփորձենք այն քողարկել հայրենասիրական պաթոսով. հասարակության մեջ կա որոշակի խուճապ, ու դա պայմանավորված չէ այն բանով, որ մեր ժողովուրդը վախկոտ է կամ չի վստահում բանակին: Դա գալիս է իշխանությունների ոչ ադեկվատությունից, գնահատականների ու դիրքորոշումների բացակայությունից: Միայն բանակով պատերազմ վարել հնարավոր չէ ու այդ պատերազմը դատապարտված է ձախողման, իսկ ո՞ւր են պետական մյուս մարմինները, ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ չենք լսում մեր գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, ինչո՞ւ չեն հրավիրվում Անվտանգության խորհրդի ու խորհրդարանի արտահերթ նիստեր, ինչո՞ւ ենք մեզ խաբում. պատերազմը սկսվել է իր մարդակուլ ընթացքով, ու աններելի, պարզապես աններելի են պետական մարմինների անհոգությունն ու պարապությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես միասնական ձևաչափ, կարծես թե կորցրել է իր գործունեության արդյունավետությունը, իսկ ո՞ւր են Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ը, որոնք իշխանությունների թեթև ձեռքով ներկայացվում էին մեր անվտանգության երաշխավորի դերում: Ժողովուրդը ծաղրում է իշխանության հավաստիացումներն ու չի հավատում, որ թշնամուն զինող երկիրը կարող է մեր անվտանգության երաշխավորը լինել, զուգահեռներ է անցկացնում երկու երկրների միջև, որոնցից մեկի զինվորը մարդ է գնդակահարում Գյումրիում, մյուսին՝ սահմանին: Գուցե հասարակությունը քիչ է ինֆորմացված ու պրիմիտիվ է մտածում, բայց նրան մեղադրել չի կարելի, որովհետև մեր ինֆորմացվածները լռում են ու լռում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ